Պուտինը վստահեցրել է Օբամային, որ Ղրիմի հանրաքվեն համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին

11:00 • 17.03.14

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցը։

 

Ղրիմում կայացած հանրաքվեի կապակցությամբ Պուտինը նշել է, որ դրա անցկացումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրությանը և հաշվի է առել, մասնավորապես, Կոսովոյի նախադեպը։ Ընդ որում՝ թերակղզու բնակիչներին երաշխավորված է եղել ազատ կամարտահայտման և ինքնորոշման հնարավորությունը, գրում է Вести-ն։

 

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները շարունակել են Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի տարբեր ոլորտների քննարկումը։ Պուտինն ուշադրություն է հատկացրել այն բանին, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները չեն կարողանում և չեն ցանկանում ազգայնական և ծայրահեղական խմբավորումների դեմն առնել, որոնք ապակայունացնում են իրավիճակը և ահաբեկում են խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ ռուսալեզու բնակչությանը և իրենց հայրենակիցներին։

 

Այդ համատեքստում քննարկվել է ԵԱՀԿ առաքելությունն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ նման առաքելության գործունեությունը պետք է տարածվի ուկրաինական բոլոր շրջանների վրա։ Պետությունների ղեկավարները նշել են, որ անկախ առկա տարբեր գնահատականներից՝ անհրաժեշտ է համատեղ փնտրել Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը նպաստող ուղիներ։