Սիմֆերոպոլը տոնել է Ռուսաստանին միացումը

10:15 • 17.03.14

Ղրիմի թերակղզու մայրաքաղաք Սիմֆերոպոլը տոնել է երեկ կայացած հանրաքվեի նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ընտրողների 95.6%-ն Ուկրաինայի կազմից դուրս գալու ու Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, այս կապակցությամբ քաղաքի կենտրոնում երիտասարդները, տարեց մարդիկ ու երեխաները Ռուսաստանի դրոշներով շնորհավորել են միմյանց ու պատահական անցորդներին՝ բացականչելով «Ռուսաստա՜ն, Ռուսաստա՜ն»։

 

Ընդհանուր առմամբ, հանրաքվեն լուսաբանելու համար հավատարմագրված է եղել 1.200 լրագրող։ Նշվում է նաև, որ ընտրացուցակները կազմելու համար Ղրիմի իշխանություններն օգտագործել են 2012թ. կայացած ընտրությունների հին ցուցակները, քանի որ Ուկրաինայի նոր իշխանություններն արգելափակել են թարմ տվյալների բազայի հասանելիությունը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ԱՄՆ-ն և Ճապոնիան հրաժարվել են ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները՝ այն չհամարելով լեգիտիմ: 2 երկրների իշխանությունների կարծիքով՝ հանրաքվեի անցկացումը հակասել է Ուկրաինայի սահմանադրությանը: Եվրամիության ներկայացուցիչները մարտի 16-ին նույնպես հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեն: