Բրիտանական Vodafone-ը գնել է իսպանական ONO-ն 7 մլրդ եվրոյով
Բրիտանական Vodafone բջջային օպերատորի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել իսպանական ONO մալուխային ընկերության բաժնետերերի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ըստ աղբյուրի՝ ONO-ի գնման գործարքը կարժենա 7 մլրդ եվրո: Իսկ վաճառքի շուրջ համաձայնությանը նախորդել է տևական ժամանակ շարունակված խորհրդատվությունը: Գործարքի արժեքը ներառում է ONO-ի պարտքերի մարումը, որոնք 3,34 մլրդ եվրո են: Միջոցների մնացած մասը կստանան իսպանացի բաժնետերերը:
The Wall Street Journal-ի տվյալով՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Ավելի վաղ ONO-ն հայտարարել էր, որ 2013-ին իր եկամուտն աճել է 1,6%-ով և հասել է 1,6 մլրդ եվրոյի: Փորձագետների գնահատմամբ՝ ONO-ի ձեռքբերումը կդառնա Vodafone-ի հերթական հաջողությունը՝ եվրոպական շուկայում իր գերիշխող դիրքի հաստատման առումով: 2013-ին Vodafone-ը հայտնել էր, որ 7,7մլրդ եվրոյով կլանում է Գերմանիայի ամենախոշոր կապի օպերատորին՝ Kabel Deutschland-ին:










