Ազատամարտիկներին հետապնդում են Վոլոդյա Ավետիսյանի համար կազմակերպված հանրահավաքից հետո. նախաձեռնող խումբ
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ ազատամարտիկ, անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի համար կազմակերպված վերջին հանրահավաքից ու երթից հետո իրենց նկատմամբ սկսել են հետապնդումներ:
«Մենք այդ օրը նամակ հանձնեցինք ՀՀ նախագահին, և այդ ցույցից հետո սկսեցին հետապնդումներ մեր հանձնախմբի ակտիվիստ տղաների նկատմամբ. նրանց կանչում էին ԱԱԾ և հորդորում այսուհետ չմասնակցել Վոլոդյա Ավետիսյանի հետ կապված որևէ ակցիայի»,-ասաց նա՝ նշելով, որ դա ակնհայտ ոտնձգություն է և ճնշում:
Ասուլիսին ներկա ազատամարտիկ Յուրա Աթոյանն ասաց. «Միտինգից հետո հաջորդ օրը տնից դուրս եկա, այլ գործերով գնացի, տնից զանգեցին, ասացին, որ քաղաքացիական շորերով թաղի լիազորն էր գնացել տուն ու իմ անձնագիրը պահանջել: Թող այդ ցույցից մի քանի օր առաջ լիներ նման բան, բայց միտինգից հետո գալ և պահանջել իմ անձնագիրը, ի՞նչ է նշանակում: Դրա համար ես դիմեցի իմ ընկերներին, ես ոչ գող եմ եղել, ոչ թալանչի, որ ինձ հետապնդեն»:
Ազատամարտիկների խոսքով՝ իրենք ընդամենը պահանջում են իրենց ընկերոջն ազատ արձակել:
«Ոչ քաղաքական հետապնդումներին, սոցիալական խնդիրների վերանայում, ազատություն Վոլոդյա Ավետիսյանին: Սրանք են մեր պահանջները»,-հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանի ջոկատի ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը:










