Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի բացմանը (լուսանկարներ)

13:53 • 18.03.14

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Հանրապետության Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ:


Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը՝ Արդարադատության նախարարությունը:


Ակադեմիայի գործունեության նպատակներն են՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ անհրաժեշտ հմտությունների ձևավորումը և մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, գործող դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումը, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:


Արդարադատության ակադեմիայի խնդիրն է՝ կյանքի կոչել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ Նախագահի կողմից հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարության ծրագրից: