«Դ!ԵՄ ԵՄ»-ը կրկին ավտոերթ կանցկացնի. երթուղին կորոշվի՝ ելնելով իրավիճակից

20:16 • 18.03.14

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մարտի 20-ին կկազմակերպի ավտոերթ` մարտի 22-ի հավաք-երթի մասին տեղեկացնելու նպատակով: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել «Դ!ԵՄ ԵՄ»-ի պաշտոնական կայքը:

 

Tert.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ երթուղին կախված կլինի իրավիճակից: «Այդ պահին որ փողոցը բաց լինի, այդ փողոցով էլ կրեթևեկենք»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ նախաձեռնության կազմակերպած նախորդ ավտոերթից հետո ոստիկանները գրանցել էին երթին մասնակից մեքենաների պետհամարանիշերը, որից հետո նրանց խախտումների վերաբերյալ ծանուցումներ էին ուղարկվել:


 

Մեր հարցին, թե արդյո՞ք վաղվա երթից առաջ ոստիկանների կողմից որևէ նմանատիպ քայլ չի նկատվել, Տիգրան Մրատիրոսյանը բացասական պատասխան տվեց:

 

Ինչ վերաբերում է վաղվա երթի երթևեկման կարգին, «Դ!ԵՄ ԵՄ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է. «Հարգելի՛ ՀՀ քաղաքացի։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 20-ին, ժ. 12:30-ին (ոչ շուտ և ուշ) մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով՝ մինչև ժամը 13:30-ը։ Ժամը 13:30-ին մեքենաները շարասյունով կշարժվեն դեպի Աբովյան պուրակ (պլանի գլուխ), որտեղ կշարունակվի ակցիան մինչև ժամը 14:30-ը, որով և կավարտվի ավտոերթը։ Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ կամ Աբովյան պուրակ (պլանի գլուխ) մտնելու համար»։
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ցանկալի է ունենալ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կամ ՀՀ դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։ Իսկ իրազեկման նպատակներից են՝ հավաք-երթի օրվա, ժամի, քննարկվող թեմաների և նպատակների մասին տեղեկատվության տարածումը: