Ճապոնիայում պաշտոնապես հայտարարվել է սակուրայի ծաղկման սեզոնի մեկնարկը
Ճապոնիայում պաշտոնապես հայտարարվել է սակուրայի ծաղկման սեզոնի մեկնարկը, ինչն ավանդաբար համարվում է գարնան գլխավոր իրադարձությունը: Սիկոկու կղզու Կոտի քաղաքի հին սամուրայական ամրոցի պարտեզում ծաղիկներով են պատվել հեռավորարևելյան կեռասենու այդ տեսակի մի քանի ծառեր, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Առաջին ծաղիկների հայտնվելուն հետևել են Ճապոնիայի օդերևութաբանության վարչության տեսուչները, որոնց հանձնարարված է ամեն տարի մարտի սկզբից հետևել բոլոր կեռասուտներին:
Այս տարի Ճապոնիայի խորհրդանիշ սակուրան ծաղիկներով է պատվել սովորականից 4 օր շուտ, ինչը պայմանավորված է երկրի հիմնական մասի առավել վաղ տաքացումով: Այսօր օդերևութաբանները հայտարարել են նաև առաջին գարնանային քամու՝ հատուկ տաք փոթորկի մասին, որը ևս Ճապոնիայում գարնան սկիզբ է խորհրդանշում:
Ճապոնիայում սակուրայի ծաղիկը համարվում է ոչ պաշտոնական ազգային զինանշան: Սակուրան ամբողջովին ծաղկում է ապրիլի կեսին: Այդ ժամանակ երկրի բնակչությունը զանգվածային զբոսախնջույքներ է կազմակերպում սակուրայի այգիներում: Սա նաև եկամտաբեր շրջան է ճապոնացի անօթևանների համար. նրանք վաղաժամ ամենահարմար տեղն են զբաղեցնում այգիներում, ապա կլորիկ գումարով վաճառում այդ տեղերը ցանկացողներին:










