Արդարադատության ակադեմիան գործում է. այն ունի նաև հյուրանոցային մասնաշենք

16:40 • 18.03.14

ՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում հիմնված Արդարադատության ակադեմիայի ուսումնական գործընթացը սկսվում է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստմամբ: Դատավորների 20 և դատախազների 15 թեկնածուների համար ուսումնառության տևողությունը կազմում է 8.5 ամիս։ Այս մասին Ակադեմիայի բացման արարողությանն այսօր ասաց առաջին ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանը։


Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությունը՝ Դավիթաշենում, որին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։


Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ակադեմիայի գործունեության նպատակներն են դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ անհրաժեշտ հմտությունների և մասնագիտական գիտելիքների ձևավորումը, գործող դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործումը, դատավորների, դատախազների , դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը:


«Մեր գործունեության մյուս ոլորտը տարեկան վերապատրաստումներն են, որոնք իրականացվում են գործող դատավորների և դատախազների նկատմամբ»,-հայտնեց Ակադեմիայի ռեկտորը:


Ակադեմիայում ուսումնական գործընթացը սկսվում է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստմամբ: Դատավորների 20 և դատախազների 15 թեկնածուների համար ուսումնառության տևողությունը կազմում է 8.5 ամիս, որն ընդգրկում է լսարանային ուսուցում 4 կրթական հատվածով և փորձաշրջան: Ռեկտորի խոսքով՝ նախատեսված է 30 առարկայի դասավանդում: Ակադեմիայի առաջին դասընթացը եղել է «ՄիԵԴ իրավաբանության հիմունքները և արդի միտումները» թեմայով:


Հիշեցնենք, որ Արդարադատության ակադեմիայի գործունեության կանոնակարգման համար 2013թ. ընդունվել է առանձին օրենք, կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ՀՀ արդարադատության նախարարը և 3-ական դատավոր ու դատախազ: Իսկ ընթացիկ գործունեությունն իրականացնում է ռեկտորը, որն ընտրվում է խորհրդի կողմից՝ 5 տարի ժամկետով:


Ակադեմիան իր գործունեությունը սկսել է այս տարվա հունվարի 1-ից:


Շենքը կառուցվել է Համաշխարհային բանկի միջոցներով, Արդարադատության ակադեմիային հատկացված՝ 2700 քառակուսի մետր տարածում: Շենքի շինարարությունն արժեցել է 850 միլիոն դրամ:


Շենքը ունի նաև հյուրանոցային մասնաշենք, շրջաններից եկած դատավորների և դատախազների՝ վերապատրաստման ժամանակ Երևանում գիշերակացի խնդիրները լուծելու համար: Ըստ ռեկտորի՝ նախկինում պետությունը յուրաքանչյուր անձի համար օրական ծախսում էր 25 000 դրամ: