Արցախի հարցը որևէ դեպքում չպետք է կապել Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների հետ. քաղաքագետ

11:49 • 18.03.14

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների հետ որևէ դեպքում չպետք է կապել Արցախի հարցը։ «Մենք չպետք է մտածենք, որ դեպքերի այս կամ այն ընթացքով կպայմանավորվի արցախյան հարցի լուծումը։ Խնդիրն այն է, որ ամեն մի իրադրություն անկրկնելի է գլոբալ իմաստով»,–ասաց քաղաքագետը։


«Եթե հիշում եք՝ Կոսովոյի դեպքում մենք ոգևորության մեջ էինք, բայց Արևմուտքը հասկացրեց, որ Կոսովոն բացառիկ դեպք է։ Եթե մենք հույսեր ենք տածում Ղրիմի անկախացման հետ՝ մենք մեզ զինաթափում ենք»,–նկատեց Ալեքսանդր Մանասյանը` շարունակելով, թե ուրիշի հետ հույսեր չպետք է կապենք։ Ըստ քաղաքագետի՝ մենք պետք է միշտ պատրաստ լինենք ավելի վատ դեպքերի ընթացքի, քանի որ մեր տարածաշրջանն այնքան բազմավեկտոր է, որ դժվար է ասել, թե վաղն ինչ զարգացումներ կարող են լինել։


Ինչ վերաբերում է կիրակի օրը Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին, ապա քաղաքագետի կարծիքով` դրանք կանխատեսելի էին, քանի որ աշխարհում բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում։


«Եթե գնանք գործընթացների խորքը, ապա կտեսնենք, որ այնտեղ ավելի հետաքրքիր բաներ կան. առաջին հերթին գործընթացներն առաջ տանող ուժերն են աչքի ընկնում։ 90–ականների միաբևեռ աշխարհն այլևս չկա»,–ասաց Ալեքսանդր Մանասյանը՝ շարունակելով, թե այն վճռականությունը, որ Ռուսաստանը ցուցաբերում է իրադարձություններին, ցույց է տալիս, որ դա արկածախնդրություն չէ։


Իսկ արևմտյան քաղաքակրթությունը, քաղաքագետի կարծիքով, Ղրիմի հարցում ճկունություն չցուցաբերեց։


«Եվրոպան էլ, եթե իր քաղաքականության հիմքում առաջին հերթին դնում է տնտեսական շահերը, հասկանալի է, որ չի գնա սրումների։ Մյուս բևեռը՝ Միացյալ Նահանգները, անհաջող բանավեճի լեզու է ընտրել, երբ առաջ է մղել այնպիսի մի բանաձև, թե ԱՄՆ–ն երբեք չի ճանաչի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,–նշեց քաղաքագետը` եզրափակելով, թե Ռուսաստանն այս պարագայում ավելի ճիշտ քաղաքականություն է վարում։