Սիրիայի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների մասին որոշումը՝ ընդդիմությանը զրկելով ձայնից
Սիրիայի խորհրդարանը հաստատել է երկրում նախագահական ընտրությունների որոշման նախագիծը, որին պետական օրենքի ձև է տրվել։ Համաձայն դրա՝ սիրիացի փախստականներն ու արտաքին ընդդիմությունը գրեթե զրկվում են ձայնի իրավունքից, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Նոր օրենքի մի քանի հոդվածներ կարգավորում են ապագա ընտրողների կարգավիճակը։ Նրանք պետք է ունենան գործող (ոչ ժամկետանց) անձնագիր, այնտեղ պետք է անպայման լինի նշում սիրիական սահմանային անցակետերից այն մասին, որ նրանք օրինական ճանապարհով են հատել սահմանը, ինչպես նաև կնիք այն երկրի դիվանագիտական ներկայացուցչության կողմից, որտեղ այս պահին գտնվում է Սիրիայի քաղաքացին, ասված է օրենքում։
Սիրիայում չդադարող մարտական գործողությունների պայմաններում երկրից դուրս եկած փախստականների մեծ մասը սահմանը հատել է առանց համապատասխան նշումների՝ փորձելով փրկվել պատերազմից, որը երկրում շարունակվում է արդեն ավելի քան 3 տարի։ Այդ կերպ, Սիրիայի 32 մլն բնակչությունից մոտ 5 միլիոնը գտնվում են հարևան երկրների՝ Թուրքիայի, Իրաքի, Հորդանանի փախստականների ճամբարներում, և համաձայն նոր օրենքի՝ չեն կարողանա մասնակցել երկրի նախագահի ընտրություններին։
Բացի այդ, սիրիական ընդդիմության տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ զինված հակամարտության սկզբից ի վեր լքել են երկիրն ու բնակվում են արտասահմանում։
Որոշ ժամանակ առաջ ընդդիմությունը ձևավորել էր Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, որն էլ բանակցում էր պաշտոնական Դամասկոսի հետ՝ փորձելով չմիջնորդավորված երկխոսություն հաստատել իշխանությունների հետ։
Սակայն «ոչ կառավարական» կազմակերպության գործող անդամներից ոչ մեկ իրավունք չի ունենա քվեարկությանը մասնակցելու, նաև Սիրիայի նախագահի պաշտոնին հավակնելու։ Նրանցից շատերի անձնագրի ժամկետն ավարտվել է, բացի այդ, նոր օրենքով սահմանվում է, որ «Սիրիայի նախագահի թեկնածու կարող է գրանցվել միայն հանրապետության այն քաղաքացին, որը 10 տարվա ընթացքում մշտապես բնակվել է երկրի տարածքում»։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է այս տարվա հուլիսի 17-ին։ Մինչ այժմ Ասադը պաշտոնապես չի հայտարարել առաջադրվելու մասին, սակայն ասել է, որ կառաջադրվի, եթե այդպես ցանկանա սիրիացի ժողովուրդը։










