«ՈւԴԱՌ»-ը կոչ է անում խզել Ռուսաստանի հետ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունները
Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցությունը կոչ է անում իշխանություններին խզել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:
«Ելնելով Ռուսաստանի քաղաքական ղեկավարության թշնամական գործողություններից և միջազգային հարաբերությունների ընդունված պրակտիկայից՝ մենք պնդում ենք Ռուսաստանի Դաշնության հետ Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների անհապաղ խզման հարցում»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
«ՈւԴԱՌ» կուսակցությունը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի անկախության ճանաչումը և դրա ընդգրկումը ՌԴ կազմում «ուկրաինական պետության դեմ ռուսական ղեկավարության ագրեսիայի կուրսի շարունակությունն է, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել Դաշնային խորհրդի անդամների առաջ, որից անմիջապես հետո, Ռուսաստանն ու Ղրիմը ստորագրել են հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմ ներառելու մասին պայմանագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ նախագահն ու Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը։










