Բրիտանիան կշարունակի Ղրիմը համարել Ուկրաինայի մաս. Հեյգ

09:31 • 18.03.14

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլիամ Հեյգն անդրադարձել է Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքներին՝ տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորության ու նրա դաշնակից պետությունների համար Ղրիմ թերակղզին կշարունակի մնալ Ուկրաինայի մաս։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիան խստագույնս դատապարտում է այն, որ Ռուսաստանն արհամարհում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

 

Հեյգը կոչ է արել Ռուսաստանին երկխոսություն սկսել Ուկրաինայի ու միջազգային հանրության հետ, որպեսզի ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուծվի դիվանագիտական ճանապարհով։  Արտգործնախարարն ընդգծել է, որ այս կոչերի անտեսումը կհանգեցնի լուրջ հետևանքների Ռուսաստանի համար։

 

Մինչդեռ Հեյգի ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ, ինչը կապված է այդ երկրի կողմից Ղրիմի անկախությունն ընդունելու փաստով։

 

Հիշեցնենք, որ կիրակի Ղրիմում կայացել է հանրաքվե, որի արդյունքներով թերակղզին դուրս է գալիս Ուկրաինայի կազմից ու միանում է Ռուսաստանին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել, որով Ղրիմը ճանաչել է անկախ պետություն։