Վենեսուելայի նախագահը զորք է մտցրել Կարակասի ապստամբ շրջաններ. Մադուրոյին պատրաստվում են դատի տալ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է ռազմական ստորաբաժանումներ մտցնել մայրաքաղաքի Չակաո շրջան, որտեղ ընդդիմության կողմնակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ իշխանությունների քաղաքականության։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Չակաոն ցույցերի կենտրոններից մեկն է։ Չնայած այնտեղ զորք մտցնելուն՝ ցույցերը շարունակվում են։
Ռազմական ստորաբաժանումների մտնելուց հետո Վենեսուելայի իշխանությունները Կարակասի այդ հատվածն «ազատագրված» են հայտարարել։ Միևնույն ժամանակ Չակաոյի ղեկավար, ընդդիմադիր Ռամոն Մուչաոն նման միջոցառումներին կտրուկ դեմ է արտահայտվել։
«Մենք չենք կարող կարգավորել հարաբերություններն այն դեպքում, երբ փողոցներում ավելի շատ զինվորական կա, քան քաղաքացիական անձ»,-ասել է նա։
Ի դեպ, Ամերիկայի խորհրդարանական ժողովրդավարական դաշինքի 13 երկրների օրենսդիրներ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ դատական հայց են ներկայացնելու Հաագայի դատարան՝ ցույցերի ընթացքում մարդու իրավունքների խախտումների գործով։
Դաշինքն ստեղծվել է 2011թ.-ին, Կարակասում, լատինամերիկյան տարածաշրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության պահպանման նպատակով։
Դաշինքի ղեկավար, բոլիվիացի պատգամավոր Ադրիանա Օլիվայի խոսքով, եթե Վենեսուելայում տեղի ունեցողը կարելի է երկրի ներքին խնդիր որակել, ապա մարդու իրավունքների պաշտպանությունը միայն Վենեսուելայի խնդիրը չէ։










