ԼՂ-ն 70 տարի պայքարել է, որ փրկվի ադրբեջանական լծից և 150 տարի՝ ռուսական. Ալ. Արզումանյան
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի բացառում, որ Հայաստանում կամ Ղարաբաղում կգտնվեն մարդիկ, որոնք օրինակ՝ Զորի Բալայանի հայտնի նամակի հիմնական շեշտադրումներով, Մերձդնեստրի օրինակով կարող են դիմել ռուսական իշխանություններին՝ միավորվելու պահանջով: Դա, ըստ նրա, ամենավտանգավորն է, որ կարող է լինել Հայաստանի ու Ղարաբաղի համար:
Պատգամավորն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պայքարել է մոտ 70 տարի, որ փրկվի ադրբեջանական լծից, ապա դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից:
Պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով Ղրիմի նախադեպը, նաև Մերձդնեստրն է դիմել Ռուսաստանին միավորվելու հարցով, ինչպես նաև հիշեցնելով Զորի Բալայանի հայտնի նամակը, բացառվում է նույնը Լեռնային Ղարաբաղի պարագայում, այսինքն՝ հայտնվեն մարդիկ, որոնք նման առաջարկով դիմեն Ռուսաստանին, Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց. «Այս մարդիկ արդեն հայտնված են, մեկին Դուք արդեն մատնանշեցիք։ Կան, այսպես ասենք, այլ գործիչներ, հայ դժվար է անվանել, որոնք գտնում են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Ասեմ, որ ադրբեջանցիների դեմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պայքարել է մոտ 70 տարի, որ փրկվի ադրբեջանական լծից, բայց դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից, որպես հայ ժողովրդի մի հատված։ Եվ շարունակելը շատ ավելի դժվար է լինելու՝ այս վերականգնվող իմպերիայից ինքնորոշվելը, դրա համար սա շատ վտանգավոր է»:
Նրա խոսքով՝ սա Հայաստանի ապագան վտանգող, անկախ կարգավիճակին սպառնացող գործողություն կարելի է համարել: Դա ընդհանրապես անընդունելի է: «Հո էդ մարդիկ օբյեկտ չե՞ն, որ մեկից վերցնես ու մյուսին տաս։ Լեռնային Ղարաբաղը, ուզում եմ հիշեցնել, ինքնորոշվել է, որ ստեղծի իր պետականությունը»,- ասաց ՀՀ նախկին արտգործնախարարը:
Հայաստանի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ուժի և քաղաքացու պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի ԼՂ-ի ինքնիշխանությունը չխաթարվի, ասաց Ալ. Արզումանյանը և հավելեց, որ եթե այդքան լավ բան է Մաքսային միությունը և եթե այդքան Հայաստանի մասին մտածում են, ապա թող ՌԴ-ն ճանաչի Ղարաբաղի անկախությունը և առաջարկի, որ Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն, Բելառուսի, Ղազախստանի հետ մտնի ՄՄ կազմ:
«Ես ինքս գտնում եմ, որ դա լրիվ ընդունելի տարբերակ կարող է լինել, քանի որ այսօրվա զարգացումներով ԼՂ-ի և Հայաստանի սահմանին լինելու է անցակետ, որը վտանգում է ԼՂ ապագան»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանություններն այնքան ուժ կունենան բացատրելու մեր ստրատեգիական գործընկերներին, որ մեր շահերից է բխում ունենալ հարաբերություններ, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ, եթե Երևանի վրա ճնշումներ լինեն Ղրիմի անկախությունը ճանաչելու առումով:
Իր բնորոշմամբ՝ աշխարհը թևակոխող սառը պատերազմի շեմին նա, այնուամենայնիվ, Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն կանխատեսելի ապագայում չի տեսնում: Այլ հարց է, որ Ռուսաստանը մեկուսացման և սանկցիաների կիրառման վտանգի առջև է կանգնած:
«Ես հույս ունեմ, և շատ մարդիկ սպասում են արևմտյան պարտնյորներից ակտիվ գործողությունների, որովհետև տեղի է ունեցել մի երկրի մի մասի բռնակցում, առաջին քայլերը եղան, կոնկրետ մարդկանց նկատմամբ սանկցիաներ կան, «G8» խումբն այլևս առ ոչինչ է, վերադառնում են 7-ին ֆորմատին, որովհետև Ռուսաստանը տեղեկացվել է, որ Սոչիում կայանալիք հանդիպումը ոչ ևս է: Եվ այսօր մենք կանգնած ենք սառը պատերազմի շեմին»,- արձանագրեց նա՝ նշելով, որ Ռուսաստանի գործողությունները որևէ հույս չեն թողում, որ այդ երկիրը կխուսափի այդ ամենից:
Օտարերկրացիներին դյուրացված ընթացակարգով քաղաքացիություն նախատեսող ՌԴ Պետդումա ներկայացված նախագծի մասին ՀՀ նախկին արտգործնախարարն ասաց, որ, ակնհայտորեն, սա միայն Ուկրաինայի դեմ չէ, այլ՝ ողջ ԽՍՀՄ տարածքի:
«Աբխազիայի ողջ բնակչությունը ՌԴ քաղաքացիներ են, Հարավային Օսիայում 97 տոկոս են, սա կիրառվող բան է։ Ուկրաինայի հետ կապված նոր քննարկում է իրականացվել, որ ԽՍՀՄ-ում ծնված ցանկացած մարդ երեք ամսվա ընթացքում կարող է շատ պարզ՝ ռուսերենի տիրապետելով՝ դառնալ քաղաքացի: Բայց այստեղ կա մի նրբություն. երկքաղաքացիությունը, որ ՌԴ-ն մշտապես ընդունում է, հիմա ոնց որ ուզում է սահմանափակել»,- ասաց նա։
Ըստ Արզումանյանի՝ արվում է հետևյալ կերպ. Ռուսաստան մուտքի այլ հնարավորությունները սահմանափակվում են, ինչը ոչ լավ կյանքից ՌԴ աշխատանքի մեկնողներին ստիպում է մտածել ՌԴ քաղաքացիություն ընդունելու մասին:
Սա, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, ամենամեծ վտանգն է, որը սպառնում է նրանով, որ «Հայաստանը կվերածվի ռուսական ռազմակայանը սպասարկող մի մարդախմբի՝ կմնան այն քանակով մարդիկ, որոնք կարող են սպասարկել այդ բազան»:
Անդրադառնալով ռուս քաղաքագետ Դուգինի հայտարարություններին, որոնցից մեկն էլ այն է, որ հայերը կարող են «մարշները քաշել» Ղարաբաղից՝ գունավոր հեղափոխության պարագայում, պատգամավորը հայտարարեց, որ իր համար ակնհայտ է, որ նա ունի հիվանդագին, մեծապաշտական, ծավալապաշտական երկրի սպասարկման հանձնարարական և վերջին 20 տարիներին հանդես է գալիս նախկին Խորհրդային հանրապետությունների սուվերենության դեմ:
«Դուգինը թող մտածի Ռուսաստանի պրոբլեմների մասին, հարբեցողության, իրենց տնտեսական զարգացման ուղիների»,-խորհուրդ տվեց ընդդիմադիր պատգամավորը:










