Փոխվարչապետը խոստացավ ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող գյուղացիներին վերջնական պատասխան տալ ուրբաթ օրը (թարմացված)

12:58 • 19.03.14

15.26

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող գյուղացիները պահանջում էին հայտարարել, որ ՀԷԿ–ը չի կառուցվելու։


«Սիրելի ժողովուրդ, ես կարծում եմ, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումները ճիշտ չեն, երկրորդ՝ ճանապարհ փակելով՝ համայնքի խնդիրը չի լուծվում, երրորդ՝ դուք գիտեք, որ ձեր պահանջով ստեղծվել է հանձնաժողով, կքննարկվի այս հարցը և վերջնական որոշում կկայացվի: Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում հանձնաժողովը կներկայացնի իր քննարկման արդյունքները, ես անձամբ կգամ և ձեզ կտեղեկացնեմ այդ մասին: Իսկ էս պահի դրությամբ կարող եմ վստահեցնել, որ մինչև վերջնական որոշում չկայացվի, ոչ մի շինարարություն չի կարող լինել»,-ասաց Արմեն Գևորգյանը:


Վերջինիս խոսքը, սակայն, բացասական արձագանք առաջացրեց։ «Այդ ՀԷԿ-ը կկառուցվի միայն մեր դիակի վրայով»,-հայտարարեց գյուղացիներից մեկը, ինչին ի պատասխան փոխվարչապետն ասաց, որ ուրբաթ օրը կրկին կգա և կտա վերջնական պատասխանը։


«Էսքան համբերել ենք, երկու օր էլ կհամբերենք»,-ասացին գյուղացիները՝ պայմանավորվելով, որ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին հավաքվելու են նույն տեղում: Այդ պայմանով գյուղացիները համաձայնեցին հեռանալ ցույցի տարածքից և վերադառնալ ուրբաթ օրը:

 


 

14.41

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այցելել է բողոքող գյուղացիներին: Նա առաջարկել է վերջիններիս գնալ մի տեղ և հանգիստ զրուցել:

«Մեր պահանջն արդարացի պահանջ է, էս ՀԷԿ-ի կառուցմամբ յոթ գյուղ տուժվում է, երեքից չորս հազար բնակչությունը զրկվելու է ջրից»,-ներկայացրել է գյուղացիներից մեկը:


Մինչ գյուղացու դիտարկմանն անդրադառնալը՝ փոխվարչապետը նախ խնդրել է լրագրողներին ազատել ճանապարհը և թույլ տալ առանձին զրուցել բնակիչների հետ:


Այս պահին փոխվարչապետի և բնակիչների միջև տեղի է ունենում թեժ քննարկում:

 


 


14.26

 
Բնակիչները բացել են ճանապարհը, սակայն նրանց մի մասը դեմ էր այդ որոշմանը: Իրադարձությունների վայր մեկնած ակտիվիստները ոստիկաններին կոչ են անում թույլ տալ, որպեսզի գյուղացիները որոշեն իրենց անելիքը:


Վերջիններս գյուղացիներին հայտնեցին, որ մեկ ժամից իրենց կմոտենա փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Այս պահին բանակցություններ են ընթանում ոստիկանների ու բնակիչների միջև: Նրանք սպառնում են, որ եթե նշված ժամանակից հետո փոխվարչապետը չգա, իրենք կրկին կփակեն ճանապարհը:


Տեղի է ունեցել նաև վիճաբանություն ոստիկանների ու ժամանած ակտիվիստների միջև:

 



13.38


Բողոքի ակցիայի մասնակիցները մարզպետից և բանակցող ոստիկաններից պահանջում են, որպեսզի շինհրապարակից հեռացվի ոչ միայն շինտեխնիկան, այլև խողովակները։
 



13.17


Այս պահին վիճաբանություն է ընթանում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանները ցուցարարներից պահանջում են բացել ավտոճանապարհը՝ նշելով, որ իրենք քայլը հակաիրավական է, սակայն բնակիչները ընդդիմանում են։



13.09


Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը բնակիչներին վստահեցնում է, որ ՀԷԿ–ի շինարարությունը դադարեցված է, սակայն ակցիայի մասնակիցներն ասում են, որ դա բավարար չէ և պահանջում են, որպեսզի շինտեխնիկան նույնպես հեռացվի շինհրապարակից։




13.06


Բնակիչները մարզպետից պահանջում են, որ իրենց ներկայությամբ զանգահարի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի վերջինս գա և լուծում տա խնդրին։ Սրան ի պատասխան, մարզպետը վստահեցրեց, թե գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա։

 



13.03

Բողոքի դուրս եկած քաղաքացիներին է մոտեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան, ում բնակիչները բողոքեցին, որ արդեն 20 օր իրենց պատասխան չեն տալիս ՀԷԿ–ի շինարարության վերաբերյալ։

 



Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչներ փակել են Երևան-Ապարան միջազգային նշանակության ավտոճանապարհը, այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից։


Բնակիչները պահանջում են վերջնականապես դադարեցնել նոր ՀԷԿ-ի շինարարությունը՝ սպառնալով, որ այլապես կանանց և երեխաներին էլ կբերեն ճանապարհը փակելու համար։


Ուղիղ միացումը և լուսանկարները ՝ Նախախորհրդարանի