Ստեփանակերտը ԼՂ-ն ՌԴ-ին միացնելու առաջարկները համարում է կա´մ քաղաքական դիվերսիա, կա´մ էժան սենսացիա. Դ. Բաբայան

21:52 • 19.03.14

Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քաղաքական դիվերսիա է համարում վերջին ժամանակներում ի հայտ եկած վերլուծությունները, թե Ղրիմից հետո Ղարաբաղը ևս պետք է միանա Ռուսաստանին, քանի որ ռուսական տարածք է:


Իսկ այս մասին հայտարարությունները նա տարօրինակ և իրականությունից կտրված է որակում:


«Ես ուղղակի զարմանում եմ՝ հանդիպելով նման մեկնաբանությունների, ու այստեղ չեմ տեսնում որևէ լավ բան: Այսինքն՝ կան մարդիկ, որոնք ուզում են, որ իրենց մասին ինչ-որ մեկը հիշի. կոնկրետ անձի չի վերաբերում ասածս, և դրա համար հայտնում են տարօրինակ և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող կարծիքներ, որպեսզի նման սենսացիաներով իրենց հիշեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակը:


Հիշեցնենք, որ Ղրիմի հանրաքվեից հետո ՀՀ մամուլում իրար ետևից Ղարաբաղը Ռուսաստանին միավորելու առաջարկներ են հնչում: Միայն այսօր նման երկու առաջարկ է եղել. մասնավորապես՝ 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ «Առաջին լրատվական»-ին (որ Ղարաբաղը ևս պետք է միանա ՌԴ-ին, քանի որ ռուսական տարածք է), ինչպես նաև Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ «Ռեգնումին»:


Վերջինս բառացիորեն ասել է՝ «Ղրիմը հաշված օրերի ընթացքում անցավ այն ճանապարհը, որն անցնում է Ղարաբաղը՝ արդեն 26 տարի», և հիշեցրել, որ ի սկզբանե ծրագրված էր Ղարաբաղի՝ Հայաստանին վերամիավորումը:


Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ այս նպատակով է ընդունվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դիմումի բավարարման մասին ՀԽՍՀ 1990թ. ապրիլի 3-ի որոշումը: Սակայն քաղաքագետը ավելի ուշ հավելել է, որ Ղարաբաղը տեսականորեն կարող է վերամիավորվել ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ:


ՀՀ նախկին արտգործնախարար, անկախ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս «առաջարկներին», նշել էր. «Կան, այսպես ասենք, գործիչներ, որոնց դժվար է հայ անվանել, որոնք գտնում են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պայքարել է մոտ 70 տարի, որ փրկվի ադրբեջանական լծից, բայց դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից՝ որպես հայ ժողովրդի մի հատված։ Եվ շարունակելը՝ այս վերականգնվող իմպերիայից ինքնորոշվելը, շատ ավելի դժվար է լինելու, ուստի սա շատ վտանգավոր է»:


Դավիթ Բաբայանը նման կարծիք արտահայտողների համար հատուկ արձանագրեց. «Լեռնային Ղարաբաղը 88 թվականից անկախ է, իսկ 1991 թվականին ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը քայքայված տնտեսությունից հետո ձեռնամուխ է եղել սոցիալական, ժողովրդավարական պետություն կառուցելուն: Ի՞նչ միացման մասին է խոսքը»:


Խոսնակը հավելեց, որ Ղրիմի հետ զուգահեռներում ակնհայտ քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Այսինքն՝ մարդիկ տարբեր հոսանքների ազդեցության տակ ընկնելով՝ քննադատում են կա՛մ Արևելքը, կա՛մ Արևմուտքը՝ մոռանալով, որ կան ազգային շահեր»:


Անդրադառնալով Երևանում շրջանառվող խոսակցություններին, թե Ղրիմից տպավորված է Մերձդնեստրը, հետևաբար նաև՝ Ղարաբաղը, Դավիթ Բաբայանը նշեց, որ Մերձդնեստրի իրավիճակը բոլորովին այլ է:


«Կա՛մ մարդիկ ուղղակի ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից կամ աշխարհաքաղաքականությունից, կա՛մ ամեն ինչ անում են՝ ապակայունացման համար: Արևելյան Եվրոպայում իրավիճակ է փոխվել, և նրանք իրենց անվտանգությունից ելնելով՝ կարող են կարծիք հայտնել: Մերը բոլորովին ուրիշ է, ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել և փորձել այդպես ներկայացնել»,-ասաց նա։


Հարցը՝ չէ՞ որ նման առիթ տվեց նաև ԼՂ Ազգային ժողովի որոշումը (նույնիսկ՝ Ալեքսանդր Արզումանյանը հեգնեց՝ «մի քեֆ, մի ուրախություն» ասելով), վրդովեցրեց Դավիթ Բաբայանին, ով հայտարարեց, որ նման հայտարարությունները «քաղաքական մուծիլովկաներ են»։ «Եթե մենք նշել ենք Հարավային Սուդանի, Կոսովոյի իրադարձությունները, ինչո՞ւ չպետք է նշենք Ղրիմի իրավիճակը: Չէ՞ որ սա ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացում է, ի՞նչ կապ ունի դա մեր կարգավիճակի հետ: Սա մեզ էլ ավելի է ուժեղացնում»,-ասաց նա։


Դավիթ Բաբայանը նշեց, որ եթե Ղրիմում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը համապատասխանում է Ռուսաստանի, բայց՝ ոչ Արևմուտքի չափանիշներին, իսկ Կոսովոյինը՝ հակառակը, ապա Ղարաբաղինը համապատասխանում է երկուսի չափանիշներին էլ:


«Այսինքն՝ և՛ արյուն է թափվել, և՛... փոխանակ սա՛ վերլուծենք, տեսնենք՝ ինչ անենք, որ մեր փաստարկներն ուժեղացնենք, սկսում են խոսել՝ չհասկանալով, կամ ՝ հասկանալով՝ ապակայունացնելու համար»,-նշեց Բաբայանը: