Հրանտ Բագրատյանին մեղադրում են գրագողության մեջ

15:36 • 19.03.14

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մանե Հակոբյանը Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանին  մեղադրում է գրագողություն անելու մեջ: Նա նշում է, որ 2005թ. հաստատված հեղինակային իրավունքով տպագրել է գիտության, հանրակրթության և բարձրագույն կրթության վերաբերյալ ծրագիր:


«2005թ. ավարտուն տեսքի եմ բերել «Գիտություն, հանրակրթություն և բարձրագույն կրթություն» ծրագրի մասին իմ աշխատանքը, որևէ փոփոխություն չեմ ներկայացրել, այս ծրագրի նկատմամբ ունեմ հաստատված հեղինակային իրավունք, այն նաև տպագրվել է»,-այսօր կայացած ասուլիսին հայտարարեց նա:


Վերջինիս համոզմամբ՝ Հրանտ Բագրատյանը և Հարություն Կարապետյանը, որ 1997թ. եղել է էկոնոմիկայի փոխնախարար, տոտալ գրագողություն են իրականացրել: «2011թ. Հրանտ Բագրատյանը և Հարություն Կարապետյանը երիտասարդական գիտական շարժման էջում տեղադրել էին մի ծրագիր, որի հեղինակներ էին գրել իրենց, դա իմ ծրագրի cօpy-paste տարբերակն է»,-ասաց նա՝ հավելելով, որ հետագայում այն ՀԱԿ-ի՝ ՀՀ գիտության ոլորտի համակարգային փոփոխման ծրագիր է ներկայացվել:


Մանե Հակոբյանը նաև նշեց, որ Հրանտ Բագրատյանը սկսել է նաև ասուլիսներ տալ, թե կապիտալ ծրագիր է մշակել ՀԱԿ-ի պատվերով և հայտարարել է, որ մշակման ընթացքում օգտագործել է Հարություն Կարապետյանի որոշ մտքեր, այսինքն՝ հեղինակային որոշ մտքեր վերցրել է իրեն:


«Բաց նամակով դիմել եմ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Դիմել եմ դատարան, 4 փաստաբանի հետ եմ քննարկել դա։ ՀԱԿ ղեկավարը տեղեկացավ այդ մասին և այդ ծրագիրը չընդունեց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մինչև երկու տարի ազատազրկում է նախատեսվում այդ ծավալի գրագողության համար: