Ուկրաինացի զինծառայողները զանգվածաբար լքում են Սևաստոպոլում երկրի ռազմածովային ուժերի շտաբը
Ղրիմի ինքնապաշտպանության ներկայացուցիչները և Սևաստոպոլի բնակիչները, որոնք զբաղեցրել են Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի շենքը, միջանցք են կազմել, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան լքել շտաբի տարածքը, հաղորդում է ria.ru-ն:
Ինքնապաշտպանության ներկայացուցիչները քանդել են բարիկադները, որոնք կանգնեցրել էին ուկրաինացի զինվորականները շտաբի շենքի ներսում և ներս մտել շենք:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիևի ժամանակով 8.30-ին սևաստոպոլցիները և ինքնապաշտպանության ներկայացուցիչները կոտրել են դարպասները և մտել Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի տարածք: Ուկրաինացի զինվորականները փորձել են շղթա կազմել, բայց այն քանդել են:
Հաղորդվում է, որ զանգվածային բախումներ տեղի չեն ունեցել, սակայն առանձին բախումներ եղել են:










