Արցախն ինքնորոշվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Ղրիմի հետ համեմատելը տեղին չէ. Լարիսա Ալավերդյան

12:18 • 19.03.14

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Արցախը դեռ Առաջին համաշխարհային պատերազմից հետո է ինքնորոշվել, և այսօր Ղրիմի հետ համեմատելը տեղին չէ: «Ղրիմը ես չեմ համեմատելու Արցախի հետ, ինչքան էլ կոչվեն կոնֆլիկտ նրանց էությունը տարբերվում է: Ես կարող եմ բերել բազմաթիվ նմանությունների օրինակներ, բայց լուծումները բոլորովին տարբեր են»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ հզոր պետությունները վերջին իրադարձություններով նշում են Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը:


Լարիսա Ալավերդյանը նաև նշեց, որ այո՛, Ղրիմում հստակ գիտեին, որ ճնշող մեծամասնությունը ռուսներ են, և բոլոր դեպքերում իրենք իրենց զգում են առանձնացված. «Ես կարծում եմ, որ անկեղծ էր Ռուսաստանին միանալու առնչությամբ Ղրիմի ռուսների ուրախությունը»:


Բանախոսը տեղին չհամարեց նաև Արցախի ապագան կամ ներկան Ղրիմի անցյալի հետ կապելը: Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի հարցն աշխարհաքաղաքական առումով իրավունք ունի ունենալ իր ուրույն տեղը: «1988թ.-ից սկսած Արցախը բոլոր գործողությունների բացարձակ օրինական արդյունքներով կարողացավ շարժվել այն ճանապարհով, որն ընտրել էր սկզբում: Արցախը բավականին հստակ օրինակ է այն գործողությունների, որոնք միանգամայն օրինական են սկզբից մինչև այսօր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մինչև անգամ իր թերություններով հանդերձ Արցախում այսօր կայանում է պետություն, և տվյալ դեպքում նույնպես Ղրիմի հետ համեմատության ոչ մի եզր չկա:


Ինչ վերաբերում է Ղրիմի հարցով Արցախի ուրախությանը, Լարիսա Ալավերդյանը նկատեց, թե Արցախը չէր կարող ուրախանալ նրանով, ինչ տեղի է ունեցել Կոսովոյում, ինչ վերաբերում է Ղրիմին, այն ընկալվում է որպես Ռուսաստանի մաս, իսկ Ղրիմում տեղի ունեցածում Արցախը տեսնում է պատմական արդարություն: «Ղրիմն ավարտել է հստակ դիրքորոշումով՝ վերադառնալ տուն: Բայց մենք որևէ իմաստով չպետք է կապենք մեր հույսերը, թե այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, տեղի կունենա նաև Արցախում»,- ասաց նա: