Հայ մտավորականին թուրքական բանտում պահելն «արդարության հանդեպ ծաղր» է. Սևան Նիշանյանի ազատության հարցով միջազգային կոմիտե
«Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն պահանջել է ազատ արձակել պոլսահայ լրագրող, գրող Սևան Նիշանյանին, ով դատապարտվել է իր սեփական հողատարածքում 1-հարկանի անօրինական շինություն կառուցելու մեղադրանքով, տեղեկացնում է Hye Tert-ը։
Միջազգային կոմիտեի անդամները 2014թ.-ի հունվարի 2-ից ազատազրկված Նիշանյանին բանտում պահելն «արդարության հանդեպ ծաղր» են որակել և նշել են, որ դա անընդունելի է խոսքի ազատության տեսանկյունից։
«Կոմիտեն Նիշանյանի բանտարկությունը որակում է որպես խտրականություն և վրեժխնդրության հստակ դրսևորում։ Թուրքիայի պաշտոնական թեզերի հետ անհաշտ մտավորական Նիշանյանն այդ պատճառով է վատ վերաբերմունքի արժանանում։ Կոմիտեն դիմում է Թուրքիայի պաշտոնյաներին՝ Նիշանյանին անհապաղ ազատ արձակելու և նրա հանդեպ ճնշումներին վերջ տալու կոչով»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Միջազգային կոմիտեի անդամները դատապարտում են ճնշումներն ու սահմանափակումներն ու խոստանում Նիշանյանին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կազմակերպել։










