ԵԱՀԿ-ին զայրացրել են Ուկրաինայի պետական հեռուստատեսության ներկայացուցիչների դեմ հարձակումները
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր իր զայրույթն է հայտնել Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության նախագահ Ալեքսանդր Պանտելեյմոնովի վրա «Սվոբոդա» կուսակցության պատգամավորների կողմից հարձակման դեպքի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է osce.org կայքը, ներկայացուցիչը մասնավորապես նշել է, որ ինքը ցնցված է նման բնույթի հարձակումից, որի կազմակերպիչները կոչ են արել նախագահին հրաժարական տալ։
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին ուղղված նամակում Միյատովիչը նշել է, որ «այդ դեպքը հակասում է մամուլի ազատության բոլոր արժեքներին ու չի կարող հանդուրժվել»։
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 18-ին «Սվոբոդա» կուսակցությունից մի շարք պատգամավորներ գրոհել են Պանտելեյմոնովի գրասենյակը՝ նրան վախեցնելով ու ստիպելով հրաժարականի դիմում գրել։
Նշվում է նաև, որ նմանատիպ մի դեպք էլ տեղի է ունեցել մարտի 17-ին, երբ մի խումբ անձինք գրոհել են Չերնիգով շրջանի պետական հեռուստատեսության շենքը՝ ստիպելով տնօրենին հրաժարական տալ։










