Ռուսաստանը նոր գործընկերներ կգտնի ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու դեպքում. Պուտինի մամուլի խոսնակ

10:33 • 19.03.14

Ռուսաստանը նոր գործընկերներ կգտնի ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից հնարավոր տնտեսական պատժամիջոցների սահմանման դեպքում, երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Взгляд-ը:

 

«Եթե մի տնտեսական գործընկեր աշխարհի մի ծայրից պատժամիջոցներ է սահմանում, մենք ուշադրություն կդարձնենք աշխարհի մյուս ծայրում այլ գործընկերների վրա: Աշխարհը միաբևեռ չէ, մենք կկենտրոնանանք այլ տնտեսական գործընկերների վրա»,- ասել է Պեսկովը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հնարավոր տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ անընդունելի են, իսկ ՌԴ-ն ապագայում էլ մտադիր է Եվրամիությանը տնտեսական համագործակցություն առաջարկել:

 

«Մենք ցանկանում ենք լավ հարաբերությունների մեջ մնալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Հատկապես ԵՄ-ի, քանի որ Եվրամիությունը Ռուսաստանի Դաշնության հիմնական տնտեսական, ներդրումային և առևտրային գործընկերն է: Մեր փոխադարձ տնտեսական կախվածությունը ենթադրում է, որ մենք պետք է պահպանենք լավ հարաբերությունները»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

 

Նա նաև ընդգծել է, որ գլոբալ տնտեսական խնդիրների քննարկումն առանց Ռուսաստանի մասնակցության չի կարող լիարժեք լինել: