Հերման վան Ռոմպեյին Մոսկվա այցելել թույլ չեն տվել նրա իսկ գործընկերները. ՌԴ ԱԳՆ

11:39 • 19.03.14

Եվրամիության Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը նախօրեին ցանկացել է շտապ այցով մեկնել Ռուսաստան, սակայն նրա այցին խոչընդոտել են իր իսկ գործընկերները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, հաղորդում է Interfax.ru-ն:

 

«Մարտի 17-ին Ռուսաստան է ցանկացել ժամանել Հերման վան Ռոմպեյը: Սակայն նրան Մոսկվա թույլ չեն տվել գնալ: Ընդ որում՝ թույլ չեն տվել հենց իրենց մարդիկ: Ասենք, ինչո՞ւ նա պետք է իմանա ճշմարտությունը, եթե ամեն ինչ արդեն որոշված է»,- ասված է չորեքշաբթի տարածված ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում:

 

Ինչպես նշվում է փաստաթղթում, Ռոմպեյի չկայացած այցի նպատակն «առաջին ձեռքից Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումը լսելն էր, ինչպես նաև՝ անընդհատ վատթարացող իրավիճակից դուրս գալու ուղիների տեսլականը»:

 

«Մոսկվայում օպերատիվ կերպով արձագանքել են այդ դիմումին և առաջարկել են Եվրամիության առաջնորդին ընդունել մարտի 19-ին: Չէ՞ որ իսկապես գովելի է, որ Հերման վան Ռոմպեյը ցանկացել է իմանալ ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում»,- ասված է մեկնաբանության մեջ:

 

Ինչպես նշում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, Բրյուսելում չեն ցանկանում իմանալ ուկրաինական իրադարձությունների մասին ճշմարտությունը։