Ղրիմի ուկրաինացի զինվորականները ստիպված կլինեն կամ հեռանալ, կամ միանալ ռուսական բանակին
Այժմ Ղրիմում գտնվող ուկրաինացի զինվորականները ստիպված կլինեն ընտրություն կատարել՝ մտնել ռուսական բանակ կամ լքել թերակղզու տարածքը, հայտնում է ռուսաստանյան Առաջին ալիքի լրատվականը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:
Պեսկովն ասել է, որ ուկրաինացի զինվորականները կարող են միանալ Ղրիմի զինուժին, որն այնուհետև կդառնա ռուսական բանակի մի մասը: Իսկ նրանք, ովքեր կցանկանան հեռանալ, առանց խոչընդոտի կարող են անել դա:
Պեսկովը խոսել է նաև Մոսկվայի դեմ պատժամիջոցների հնարավոր խստացման մասին՝ ասելով, որ դրանք անընդունելի են: Նա նշել է, որ Եվրամիությանն ու Ռուսաստանին անհրաժեշտ են լավ փոխհարաբերություններ, քանի որ նրանց տնտեսոթյունները փոխկապակցված են: Սակայն դեպքերի ոչ բարենպաստ զարգացման դեպքում Ռուսաստանը կարող է նկատի ունենալ նոր գործընկերների՝ աշխարհի այլ մասերում:
Նա նշել է, որ ըստ Մոսկվայի տեղեկությունների՝ Ղրիմի տարածքում այժմ մի շարք սադրանքներ են կազմակերպվում, որոնց նպատակն իրավիճակի ապակայունացումն է:










