Եթե Ուկրաինան սկսի դիմադրել, ապա Արևմուտքը նրան կօգնի. Սաակաշվիլի
Պետք չէ հույս դնել Արևմուտքի վրա, պետք չէ հույս ունենալ, որ խաղաղ ճանապարհով հնարավոր է կանգնեցնել Ռուսաստանին, այժմ ամեն ինչ կախված է հենց ուկրաինացիներից, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է Обозреватель-ը։
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կանեն ուկրաինացիները։ Իհարկե, Պուտինը ցանկանում է խլել ամբողջ Ուկրաինան։ Դրա համար կան տարբեր մեթոդներ։ Կա տարածքի մի մասի գրավումը և ողջ երկրում իրավիճակի ապակայունացումը, կա մայրաքաղաքը գրավելու մեթոդը։ Վրաստանի դեպքում նա գնաց դեպի Թբիլիսի։ Պետք է հասկանալ, որ պացիֆիզմով Պուտինին հնարավոր չէ կանգնեցնել»,- ասել է Սաակաշվիլին։
Վրացի քաղաքական գործիչը վստահ է, որ Արևմուտքի իրական օգնությունը կլինի միայն այն ժամանակ, երբ ուկրաինացինեը սկսեն դիմադրել Պուտինին։
«Եթե Ուկրաինան սկսի դիմադրել, ապա նրան ստիպված կլինի աջակցել արևմտյան աշխարհը։ Իսկ պարզապես հույս ունենալ, որ Արևմուտքը կօգնի՝ պատրանք է։ Երբ ձեր պաշտպանության նախարարն ասում է, որ բանակը թույլ է և ոչինչ չի կարող անել, ապա դա հնչում է որպես ուղիղ հրավեր Պուտինին։ Եթե ուկրաինացիները չպաշտպանեն իրենց անկախությունը, ապա ոչ մի Եվրոպա և ԱՄՆ դա նրանց փոխարեն չի անի»,- հայտարարել է Սաակաշվիլին։










