Աշխարհը գնում է սառը պատերազմի, որում կբարձրանա Թուրքիայի դերը. Արտակ Շաքարյան
Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով՝ աշխարհը գնում է դեպի սառը պատերազմ, և այդ սառը պատերազմում Թուրքիայի դերը գնալով բարձրանալու է Միացյալ Նահանգների համար։
«Դա, Հայաստանի համար, իհարկե, այդքան էլ լավ չէ, բայց լավ չէ նաև Թուրքիայի ժողովրդավարության համար»,-ասաց թուրքագետը՝ ընդգծելով, թե սկզբունքորեն Հայաստանին սառը պատերազմը ձեռնտու չէ։ Այդ պարագայում, ըստ նրա, երբ Թուրքիան Արևմուտքի համար դառնա ավելի կարևոր, կտուժի և՛ Ցեղասպանության, և՛ Արցախի հարցը։
«Այս ամենը կնմանվի 1970-ական թվականներին, երբ Թուրքիան ավելի կարևոր էր դառնում Խորհրդային Միության համար»,-նկատեց Արտակ Շաքարյանը:
Անդրադառնալով Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին՝ թուրքագետն ասաց, թե Մոսկվա-Անկարա հետաքրքիր խաղ նկատվեց Ղրիմի հարցում։
«Տեղի ունեցավ այն, որ Մոսկվան Սև ծովի բալանսը փոխեց հօգուտ Ռուսաստանի։ Թուրքիան հասկացավ, որ հետընթաց ունի այդ ճակատում։ Ռուս-թուրքական հարաբերություններում էականը Ղրիմի թաթարների հարցն է, սակայն պարզ է, որ Թուրքիան Ղրիմի թաթարների պատճառով չի սրի իր հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ»,-նշեց Արտակ Շաքարյանն՝ ասելով, թե, այդուամենայնիվ, ռուս-թուրքական հարաբերությունները շատ խորն են, և Թուրքիան շատ զգույշ է լինելու որևէ կտրուկ գործողություն անելիս. Թուրքիան իր գործողությունները կատարելիս նախ և առաջ հաշվի է առնում այն, որ Ռուսաստանն իր առևտրային երկրորդ խոշոր գործընկերն է՝ Գերմանիայից հետո։










