Ուկրաինացի պաշտոնյաներին թույլ չեն տվել մտնել Ղրիմ. Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կգումարվի

17:09 • 19.03.14

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմային և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին թույլ չեն տվել մտնել Ղրիմ, այդ փաստի և Ղրիմի իրավիճակի վերաբերյալ ընդհանրապես կկայանա Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) արտահերթ նիստ, հայտնել է սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան։

 

«Տենյուխին և Յարեմային թույլ չեն տվել մտնել Ղրիմ։ Այդ պատճառով էլ կկայանա ԱԱՊԽ արտահերթ նիստ, և նրանք կորոշեն այդ հարցերը»,- Դենիսովայի խոսքերը փոխանցում է interfax.com.ua-ն։

 

Նա նաև նշել է, որ իրեն հայտնի չեն մանրամասներ տվյալ միջադեպից։ Դենիսովան հայտնել է, որ նիստի ընթացքում հնարավոր է քննարկվեն ուկրաինացիներին կենսաթոշակներ և սոցապահովագրություններ վճարելու հարցերը, քանի որ պետական գանձարանի արգելափակման պատճառով տվյալ վճարումները չեն իրականացվում։

 

«Ինձ շատ է անհանգստացնում այն, թե հիմա ինչ տեղի կունենա Ղրիմում, քանի որ բոլոր սոցվճարները մենք նախապես վճարել ենք։ Իսկ կենսաթոշակները չենք կարող անել նման կերպ, քանի որ բանկերը հրաժարվում են այդ ձևով փոխանցել թոշակները»,- հավելել է Դենիսովան։

 

Ավելի վաղ Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը հայտնել էր, որ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմային և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին թույլ չեն տա մտնել Ղրիմ։