«Բրեյն-ռինգ»-ի ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել առողջապահության նախարարության թիմը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության թիմը, որը եզրափակչում առավելության է հասել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմի նկատմամբ:
Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության թիմը:
«ՀՀ վարչապետի գավաթին» արժանացած առողջապահության նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:
Շնորհավորելով մրցանակակիրներին` վարչապետը կարևորել է նման մրցաշարերի անցկացումը:
«Նման մրցաշարերը հասարակության մեջ ձևավորում են այնպիսի միտումներ, որոնք ծառայելու են ինտելեկտուալ կարողությունների ձևավորմանն ու տարածմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը մյուս պետական կառույցների, զանգվածային լրատվական միջոցների թիմերին ևս հրավիրել է մասնակցել այս մրցաշարին:
Այս տարի մրցաշարին մասնակցել են պետական 22 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով:
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Մրցաշարի նպատակն է՝ խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս նպաստել ինտելեկտուալ խաղերի տարածմանը Հայաստանում:













