Հասկանում ենք՝ ինչ ճնշումներ կան Հայաստանի վրա. ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության քարտուղար Ի. Ռոման. Arminfo.am

15:30 • 20.03.14

Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի երկրում ենք աշխատում, և ինչ ճնշման ներքո է գործում Հայաստանի ղեկավարությունը, այս մասին «ԱրմԻնֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության քարտուղար Իգոր Ռոմանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 19-ի հեռախոսազրույցին և տեղեկություններին, թե Ուկրաինան կարող է հետ կանչել ՀՀ–ում իր դեսպանին։


«Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը լիարժեք աշխատում է, սակայն` էքստրեմալ պայմաններում: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ երկրում ենք աշխատում, և ինչ դեր է այն խաղում Ռուսաստան-Ուկրաինա-Հայաստան եռանկյունում: Մենք նաև հիանալի գիտակցում ենք, թե ինչ պայմաններում և ինչպիսի ճնշման ներքո է գործում Հայաստանի ղեկավարությունը», - հայտարարել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ նա երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին՝ Ուկրաինային ցույց տրվող զորակցության համար։
«Մինչ օրս երկրի շարքային քաղաքացիները գալիս են դեսպանատուն, իրենց համերաշխությունը հայտնում Ուկրաինայի ժողովրդին` գրառումներ թողնելով սգո մատյանում: Սակայն նախագահի աշխատակազմի, կառավարության կամ օրենսդիր մարմնի ոչ մի ներկայացուցիչ այս ողջ ընթացքում դեսպանատուն չի այցելել և գրառում չի կատարել Սգո մատյանում»,- հավաստիացրել է նա։

Նա նաև նշել է, որ Հայաստանում Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանատների աշխատակիցներից բացի, ՀՀ-ում հավատարմագրված մյուս բոլոր դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները եղել են դեսպանատանը և իրենց կարեկցանքը հայտնել Սգո մատյանում:

«Տվյալ պահի դրությամբ դեսպանությունն Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից Հայաստանից դեսպանին հետ կանչելու հրահանգ չենք ստացել, հայտարարել է»,- ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության քարտուղար Իգոր Ռոմանը: