Արցախցիներն իրենք պետք է կերտեն իրենց ապագան ու պետականությունը. ԼՂՀ վարչապետ

12:40 • 20.03.14

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու նպատակով մարտի 18-ին և 19-ին Շահումյանի և Մարտակերտի շրջաններ այցելության ժամանակ պատասխանել է Ղրիմի հանրաքվեի համատեքստում արցախյան հակամարտության լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցին։


Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 


Նոր Գետաշեն համայնքում տեղի ունեցած հանդիպմանը Արա Հարությունյանն ընդհանուր առմամբ ողջունելի է համարել ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը: Մյուս կողմից, սակայն, նա նշել է, որ արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել և իր իրավունքները պաշտպանել պատերազմում:


ԼՂՀ վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող բազմակի ստանդարտները, արցախցիները պետք է իրենք կերտեն իրենց ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին մարտունակության, այնուհետև տնտեսական ու ժողովրդագրական զարգացման ճանապարհով։