Տուրչինովը կարգադրել է Յացենյուկին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը լիազորել է վարչապետ Արսենի Յացենյուկին Եվրոպական միության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի մի մասը, հայտնում է Взгляд-ը՝ Տուրչինովի մամուլի ծառայությանը հղումով։
Ըստ նախագահի կայքում հրապարակված փաստաթղթի՝ Տուրչինովը հանձնարարել է Յացենյուկին Ուկրաինայի անունից ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի է ունեցել իշխանափոխություն, ինչի հետևանքով նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացվել է իշխանությունից, փոխվել է երկրի սահմանադրությունը, ազատություն է շնորհվել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ինչպես նաև մայիսի 25-ին նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ։
Իսկ անցած երեքշաբթի Ռուսաստանն ու Ղրիմը համաձայնագիր են ստորագրել, որով Ղրիմի թերակղզին դուրս է գալիս Ուկրաինայի կազմից ու միանում է Ռուսաստանին։ Սակայն պաշտոնական Կիևն ու Եվրոպական միությունը հրաժարվել են ընդունել Ռուսաստանին Ղրիմի միացման փաստը։










