Ավիավթարի մասին խոսք լինել չի կարող. անհետացած Boeing-777-ի որոնումներին միացել են ռուս էքստրասենսները
Անհետացած Boeing-777 ինքնաթիռի որոնողափրկարարական աշխատանքներին 26 երկրների մասնագետներից բացի միացել են նաև ռուսաստանցի էքստրասենսները:
Ինչպես ներկայացնում է lifenews.ru-ն՝ 227 ուղևորներ և անձնակազմի 12 անդամներ տեղափոխող ինքնաթիռի անհետացման պատճառի վարկածներն ավելանում են օրի օրի՝ սկսած ավիավթարից մինչև ահաբեկչություն և ինքնաթիռի առևանգում: Գործին միացած էքստրասենսները բոլորը մեկի պես վստահեցնում են, որ ավիավթարի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ինքնաթիռի բոլոր ուղևորները ողջ են:
Պայծառատես Վալենտինա Սերդյուկի կարծիքով՝ կարևոր հանգամանք է նաև այն, որ Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռը բավականին կտրուկ կերպով փոխել է ուղղությունը:
Էքստրասենս Աբրոր Ուսմանովին, ով կիսում է գործընկերուհու կարծիքը, հաջողվել է օդանավի և ուղևորների լուսանկարներով վերականգնել կատարվածի պատկերը:
«Ներկա պահին ես տեսնում եմ, որ ինքնաթիռը ո՛չ պայթեցվել է, ո՛չ խորտակվել ծովում, ո՛չ էլ՝ այրվել: Այն պարզապես առևանգել են», - կարծում է Աբրոր Ուսմանովը՝ հավելելով, որ ինքնաթիռը տեսնում է ավազուտ վայրում, գուցե Հնդկաստանում, Պակիստանում կամ Իրանում:
Էքստրասենսների եզրակացմամբ՝ ամեն ինչ նախապես ծրագրված և մանրակրկիտ կերպով նախապատրաստված է եղել, այդ իսկ պատճառով մասնագետները մինչ այս պահը չեն կարողանում հայտնաբերել օդանավի հետքը:










