Ռուսաստանը փակել է սահմանն ուկրաինական ապրանքների համար. անցակետերում տրանսպորտային կոլապս է. ԶԼՄ-ներ
Մարտի 19-ին ուկրաինական ժամանակով ժամը 22:00-ին (երևանյան ժամանակով՝ կեսգիշերին) Ռուսաստանն ամբողջությամբ փակել է սահմանն ուկրաինական ապրանքների համար: Այդ մասին հայտնել են շուկայի մասնակիցները, հայտնում է censor.net.ua-ն՝ հղում անելով УНИАН-ին:
Ուկրաինական տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների համաձայն՝ ՌԴ-ի մաքսակետերում ուկրաինական ապրանքներով մեքենաներին թույլ չեն տալիս անցնել սահմանը: Ընդ որում՝ որևէ բացատրություն բեռնափոխադրողներին չի ներկայացվում:
«Մեքենաներն ուղղակի հետ են ուղարկում Ուկրաինայի տարածք, անգամ չեն անցկացնում ոչ մի ստուգում։ Մաքսայինի աշխատակիցներն իրենց գործողությունները ոչ մի կերպ չեն փաստարկում, ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրում»,- ասում են արտահանողները։
Արդյունքում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև չեզոք գոտում տրանսպորտային կոլապս է առաջացել. բեռնատարների հերթն արդեն կիլոմետրեր է ձգվում:










