Մոսկվան մտահոգություն է հայտնել Էստոնիայի ռուսների առնչությամբ
Ռուսաստանը չորեքշաբթի մտահոգություն է հայտնել Էստոնիայի իշխանությունների կողմից էթնիկ ռուս փոքրամասնությանը ցուցաբերվող վերաբերմունքի առնչությամբ՝ համեմատելով Բալթյան երկրում լեզվական քաղաքականությունն Ուկրաինայում ռուսերենն արգելելու փորձի հետ, գրում է Reuters-ը:
Ուկրաինայից հետո մեկ այլ նախկին խորհրդային պետությունում լեզվական ճնշումների վկայակոչումը շատ զգայուն պահի է հայտնվում, նշում է աղբյուրը։
Ռուսաստանն ամբողջովին աջակցում է փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությանը, ասել է Մոսկվայի դիվանագետը Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին:
«Լեզուն չպետք է օգտագործվի խմբերին զատելու և մեկուսացնելու համար»,- ասել է դիվանագետը: Ռուսաստանը «մտահոգված է այդ առնչությամբ Էստոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում ձեռնարկված քայլերից», հավելել է Մոսկվայի պատվիրակը:
Ղրիմի աճող ճգնաժամի ֆոնին Էստոնիան, Լատվիան և Լիտվան մտահոգություն են հայտնել Մոսկվայի՝ փոքրամասնությունների իրավունքների խախտման վերաբերյալ մտադրությունների առնչությամբ:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն այժմ այցով գտնվում է Վիլնյուսում՝ նպատակ ունենալով վերահաստատել երեք երկրներին, որոնք Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամներ են, Վաշինգտոնի աջակցությունը:










