Ուկրաինան Ղրիմից տարհանում է իր զինվորականներին և քաղաքացիական անձանց
Ուկրաինան որոշում է կայացրել տարհանել Ղրիմի իր զինվորականներին, ինչպես նաև՝ քաղաքացիական անձանց, հայտնում է Дождь հեռուստաընկերությանը:
Ըստ աղբյուրի՝ այդ որոշումը կայացվել է հետևյալ զարգացումների ֆոնին. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխի հետ: Դրանից հետո Շոյգուն դիմել է Ղրիմի իշխանություններին՝ խնդրելով ազատ արձակել Ուկրաինայի Ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկին: Նրան ձերբակալել էին նախօրեին և տարել հարցաքննության: Կիևում Գայդուկին պատանդ են համարում:
ԶԼՄ-ները հայտնում են Գայդուկի ազատ արձակման մասին: Կիևում յուրատեսակ պատանդ են համարում նաև Ղրիմում գտնվող 20 հազար զինվորականներին: Ուստի Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել նրանց թերակղզուց մայրցամաքային մաս տարհանել։ Միևնույն ժամանակ Կիևը պահանջում է Ղրիմի տարածքից դուրս բերել նաև ռուսական ուժերը, որպեսզի Կիևը ապառազմական գոտի ճանաչվի:
Կիևը զանգվածային տարհանում է հայտարարել նաև քաղաքացիական անձանց համար, ովքեր չեն ցանկանում Ղրիմում մնալ: Նրանց նաև աշխատանք է խոստացվել Ուկրաինայում:










