Բրիտանիան կմասնակցի Ուկրաինայի տարածքում անցկացվելիք զորավարժություններին. ԶԼՄ-ներ

12:13 • 20.03.14

Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կմասնակցեն Ուկրաինայի տարածքում հուլիսին անցկացվելիք զորավարժություններին, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Guardian-ին:

 

Միացյալ Թագավորության զորքերը կմտնեն ռազմական կազմավորման մեջ, որի ընդհանուր թիվը հասնում է 1.300 մարդու: Թերթի տեղեկություններով՝ զորավարժությունների մասնակիցների մեծ մասն ամերիկացի զինծառայողներ են:

 

ԱՄՆ Ատլանտյան խորհրդի պաշտոնական կայքում նշվում է, որ «Rapid Trident-2014» զորավարժությունները կանցնեն Լվովի շրջանում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, և նպատակ ունեն «ապահովել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, բարելավել ԱՄՆ-ի բանակի, Ուկրաինայի ցամաքային զորքերի և ՆԱՏՕ-ի այլ երկրների միջև համագործակցությունը»:

 

Բացի այդ, զորավարժություններում նախատեսվում է Ադրբեջանից, Հայաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Կանադայից, Մոլդովայից, Լեհաստանից և Ռումինիայից զինվորականների մասնակցություն: