ԵՄ-ն մտադիր է ընդլայնել ռուս քաղաքական գործիչների «սև ցուցակը»
Բրյուսելում մարտի 20-ին կկայանա վեհաժողով, որտեղ, հնարավոր է, որ ընդլայնվի ռուս քաղաքական գործիչների ցուցակը, որոնց նկատմամբ կսահմանվեն վիզային արգելքներ և հաշիվների սառեցում, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Աղբյուրը նշում է, որ պաշտոնյաները դժվար թե միջոցներ ձեռնարկեն, որոնք կարող են վերաճել Եվրոպայի և Ռուսաստանի միջև մեծամասշտաբ առևտրային պատերազմի:
Բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ ԵՄ-ն դեռ հնարավոր է համարում առևտրային կամ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, բայց դրանց համար առիթ կարող է դառնալ ռուսական կողմից Ուկրաինայի իրավիճակի «սրումը և ապակայունացումը»:
Բացի այդ, սպասվում է, որ ԵՄ-ն չեղյալ կհայտարարի Սոչիում Ռուսաստանի և եվրոպացի առաջնորդների հանդիպումը և այլ միջոցներ կդիտարկի՝ ուղղված Ռուսաստանի քաղաքական և միջազգային մեկուսացմանը:










