Արագածոտնում արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինաշխատանքները կասեցվում են` ի պատասխան Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների

19:33 • 20.03.14

Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի՝ մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին:

 

Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և տեղեկացրել, որ Կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման այն ծրագրերը միայն, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները՝ որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները: Բնակիչներին առաջարկվել է առանց որևէ անհանգստության ձեռնամուխ լինել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:

 

Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները համապարփակ կերպով քննարկելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

 

Արմեն Գևորգյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից բացահայտված խնդիրները, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև՝ կստեղծվի հանձնաժողով` Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և, հնարավորության դեպքում, դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար: