Ռուսաստանի կազմ երկու նոր սուբյեկտների ներառման իրավական գործընթացը կավարտվի շաբաթվա վերջին. Լավրով

11:22 • 20.03.14

Սևաստոպոլի և Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ մտնելու իրավական գործընթացը կավարտվի այս շաբաթվա վերջին։ Ինչպես հայտնում է Interfax-ը, այդ մասին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՌԴ-ի սուբյեկտներում ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:

 

Նախարարն ասել է, որ ներկա դրությամբ գործնական քայլեր են ձեռնարկվում համաձայնագրի կատարման ուղղությամբ, որը ստորագրվել է Ռուսաստանի, Ղրիմի, Սևաստոպոլի ղեկավարների միջև՝ Ռուսաստանի կազմ երկու նոր սուբյեկտների ներառման մասին:

 

Լավրովն ընդգծել է, որ ռուսաստանցիների շահերի պաշտպանության իրենց գիծն անփոփոխ է մնում: Նա ասել է, որ այդ շահերը իրենք պաշտպանելու են քաղաքական, դիվանագիտական, իրավական միջոցներով:

«Հետամուտ ենք լինելու, որպեսզի այն երկրները, որոնցում հայտնվել են մեր հայրենակիցները, լիակատար ձևով հարգեն նրանց իրավունքներն ու ազատությունները»,- նշել է Լավրովը: