Սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես էլ եմ ռուսերեն խոսում, խնդրում եմ՝ զորքեր ուղարկեք. ռուս լրագրողի նամակը
Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Վոլոգդայի մարզից լրագրող և հրատարակիչ Ռոման Ռոմանենկոն մարտի 4-ին նամակ էր գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչի համար օրերս հրավիրվել է հարցաքննության, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք իմացել ենք, որ Դուք ցանկանում եք զորքեր ուղարկել Ղրիմ՝ պաշտպանելու ռուսախոս բնակչության իրավունքները»,- գրել էր Ռոմանենկոն: «Այդ առնչությամբ, մենք մեծ խնդրանք ունենք՝ զորքեր ուղարկեք Վոլոգդա: Մենք այստեղ բոլորս ռուսերեն ենք խոսում, և մեր իրավունքները շատ հաճախ խախտվում են»,- հավելել էր նա:
Ռոմանենկոն այնուհետ նկարագրել էր Վոլոգդայի բնակիչների խնդիրներից մի քանիսը և գրել. «Դուք պատրաստվում եք մեծ գումարներ ծախսել Ղրիմում կյանքը կարգավորելու համար: Չէի ուզենա հարցնել, բայց հնարավո՞ր է, որ Դուք այդ գումարը ծախսեք Վոլոգդայի կյանքը կարգավորելու համար»:
Լրագրողը նամակն, այնուամենայնիվ, չէր ուղարկել նախագահին, այլ փոխարենը հրապարակել էր Facebook-ում, ինչից հետո էլ այն տարածվել է համացանցով և հավանության արժանացել բազմաթիվ օգտատերերի կողմից:
Այնուամենայնիվ, Ռոմանենկոն այս շաբաթ տեղեկացել է, որ իր նամակն ուսումնասիրվում է հնարավոր ծայրահեղականության համար, և հրավիրվել է հարցաքննության: Բացի այդ, իր բնակարանի դռան վրա հայտնվել է սվաստիկա և «Վերջ Մայդանին» գրությունը, իսկ հարևաններին թռուցիկներ են բաժանվել, որտեղ զգուշացնում են, որ տանն ուկրաինացի հրեա է բնակվում, ով սատարում է Արևմուտքին և Ուկրաինայի ոչնչացմանը:










