Սա քաղաքական բլեֆ է. ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել ոչ կոալիցիոն ուժերի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր կայացած Գործադիր մարմնի նիստում չի քննարկել ոչ կոալիցիոն չորս ուժերի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը նման հայտարարություն լսել է միայն «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից, մյուս ուժերի ներկայացուցիչներից չի լսել ո´չ հաստատում, ո´չ էլ` հերքում:
«Եթե ԲՀԿ-ի անունից Լևոն Զուրաբյանն է հանդես գալիս, դա ուրիշ խնդիր է… Բայց այդ թեման չի քննարկվել, որովհետև քաղաքական մեծամասնությունն ինքն է իր օրակարգը մշակում: Բոլորիս հատնի է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, այսինքն` քաղաքական ուժերը պետք է ձգտեն անել այն, ինչ հնարավոր է, իսկ քաղաքական փոքրամասնությունը ցանկացած երկրում չի կարող Կառավարություն փոխել և վերակազմավորել, որվհետև եթե քաղաքական փոքրամասնությունը փոխի Կառավարությունը, կլինի իշխանութուն: Ընդդիմությունը նրա համար է կոչվում ընդդիմություն, որ փոքրամասնություն է և չի կարող խորհրդարանում Կառավարությանն անվստահություն հայտնել. սա քաղաքական բլեֆ է ընդամենը»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ դժգոհությունները, բողոքի ակցիաները բնական երևույթ են բոլոր երկրների համար, բայց բոլոր ժողովրդավարական երկրներում նոր կառավարություն նշանակելու մենաշնորհը պատկանում է այն կուսակցությանը, որը ժողովրդի մեծամասնության կողմից ստացել է վստահության քվե:
«Այսօր քաղաքական դաշտի պատկերը հետևյալն է՝ կոալիցիան, ի դեմս ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի, մեծամասնություն է, և Նախագահի գլխավորությամբ իրենք են որոշում՝ ինչպիսի քաղաքական ծրագիր իրականացնեն, Կառավարության ինչպիսի կազմով, ուստի ընդդիմությունն ու այլընտրանքը նման հնարավորութուն չունեն»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նաև հարկ համարեց ընդգծել, որ իշխանությունն ուժեղ է, միահամուռ է ու նրա խնդիրն է՝ լուծել հասարակության խնդիրները, և ընդդիմությունն ու իշխանությունը ո´չ թե պետք է աթոռակռիվ տանեն, այլ՝ ծրագրերի, որպեսզի « ժողովրդի մատից փուշ հանեն»:
«Ես ընդդիմության կողմից չեմ լսել որևէ առաջարկ, որևէ ծրագիր ո´չ բյուջեի քննարկման ժամանակ, ո´չ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Քննադատելը նորմալ է, երբ առաջարկություններ ունես, իսկ ցանկություններով առաջնորդվելը… Եթե ՀԱԿ-ը խոսում է ամբողջ իշխանափոխության մասին, ապա ԲՀԿ-ից ես նման բան չեմ լսել, ավելին` կուսակցության առաջնորդը նախկինում ասել է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն: Վերջերս ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկն ասել էր, որ ամբողջական իշխանափոխության հարց չկա, իսկ Աղվան Վարդանյանն ասել է, որ ո´չ ամբողջական իշխանափոխության հարց կա, ո´չ էլ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ընդդիմությունից հնչում են կարծիքներ, որ իշխանությունը տարբեր մեթոդներով առաջիկայում կփորձի խանգարել 4 ուժերի համագործակցությանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Առաջին` ուժեղները երբեք չեն խանգարում, այլ՝ նախաձեռնում են բարեփոխումներ: Երկրորդ` մենք չենք կարող խանգարել մի գործընթացի, որը ողջունում ենք: Եթե հետևել եք հանրապետականների, այդ թվում՝ իմ հայտարարություններին, ապա միշտ ասել ենք, որ դրական ենք գնահատում ցանկացած կոնսոլիդացիա, որովհետև ամբողջ աշխարհը գնում է կուսակցությունների խոշորացման ճանապարհով, և չի բացառվում, որ հաջորդ ընտրություններին համախմբվեն, դառնան մեկ դաշինք: Մենք ինչու՞ պետք է խոչընդոտենք»,-ասաց նա:
ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ իրենք շահագրգռված են ու շատ ուրախ կլինեն, որ երկրում ձևավորվի առողջ, գաղափարական, կառուցողական ընդդիմութուն:
«Կստացվի՞, թե՞ ոչ՝ դժվար է ասել, քայլը իրենք պետք է անեն, մենք կտեսնենք, ընտրությունները յոթ սարերի ետևում չեն»,-ասաց նա:










