Կառավարության հրաժարականի պահանջը նույնն է, թե ՀՀԿ-ն պահանջի Ծառուկյանի հրաժարականը ԲՀԿ նախագահի պաշտոնից. Ա. Աշոտյան

20:39 • 21.03.14

Քառյակի՝ ոչ իշխանական 4 ուժերի` Կառավարության հրաժարականի պահանջը կարող է ունենալ նույն հետևանքները, ինչ այն, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորդանշական կերպով անվստահություն հայտներ այս տարիների ընթացքում քանիցս իրեն չհավատալու առիթներ տված ընդդիմության հրաժարականը, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ կամ ՀԱԿ նախագահի պաշտոնից:



Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտարարեց կրթության և գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հավելելով.«Հայաստանի քաղաքական դաշտում Սահմանադրությունից բխող մեխանիզմներն այնպիսին են, որ Կառավարության հրաժարականի կամ «չհրաժարականի» հարցը որոշվում է բացառապես քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի և երկրի Նախագահի կողմից»:


Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցություններն օրերս պաշտոնապես հայտարարեցին, որ ԱԺ որոշման նախագիծն օրակարգում ներառելու են ապրիլի 28-ի նիստում:


«Ընդդիմության սիմվոլիկ հրաժարականի պահանջը սահմանադրական մեխանիզմ չէ, և իրական քաղաքականության մեջ նույն ազդեցությունը կունենա, ինչ ոչ իշխանական ուժերի՝ Կառավարության հրաժարականի պահանջը: Մոտավորապես նույնն է լինելու, ինչ մենք՝ Հանրապետականներս, պահանջենք «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրաժարականը ԲՀԿ ղեկավարի պաշտոնից կամ` Լևոն Տեր-Պետրոսյանինը՝ ՀԱԿ նախագահի պաշտոնից»,-ասաց Արմեն Աշոտյանը:


Նրա ամփոփմամբ՝ թեև Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է ընդդիմության կողմից նման գործիք, բայց իրական քաղաքական դաշտում այն կարելի է օգտագործել միայն այն ժամանակ, եթե այն աշխատելու է: