ԵՄ-ն և Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը
Բրյուսելում կայացել է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածի ստորագրման արարողությունը, հաղորդում է Интерфакс-Украина-ն:
Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն և Եվրամիության 28 երկրների ու կառավարությունների առաջնորդներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կստորագրվեն համաձայնագրի միայն այն հատվածները, որոնք վերաբերում են քաղաքական համագործակցությանը, անվտանգության հարցերին և ահաբեկչության դեմ պայքարին:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթները ստորագրելու համար լիազորվել էր երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:
Յացենյուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ տնտեսական հատվածը պատրաստ կլինի ստորագրել նախագահական ընտրություններից հետո, որոնք նշանակված են մայիսի 25-ին։
Հաղորդվում է, որ Ուկրաինան կարող է ԵՄ-ի հետ անայցագրային ռեժիմի անցնել արդեն մինչև այս տարվա վերջ:










