Վրաստանի կառավարությունը կանխարգելիչ միջոցներ է իրականացնում անցանկալի իրադարձությունները կանխելու համար. ԱԳՆ
Պաշտոնական Թբիլիսին կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որպեսզի մինչև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չնախատեսված իրադարձություններ տեղի չունենան: Այդպես է մեկնաբանել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հայտարարությունը, ով ասել էր, որ ԵՄ-ն կստորագրի Վրաստանի և Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագիրն այս տարվա հունիսին, գրում է Грузия Online-ը:
«Մեծ նշանակություն ունի նաև այն, որ Վրաստանը կստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը, ներառյալ նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին հատվածը: Պետք է նշել, որ Ուկրաինան ստորագրում է միայն փաստաթղթի քաղաքական հատվածը: Մենք շատ ուրախ ենք, որ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նշված ժամկետից շուտ: Վրաստանը պատրաստ է իրականացնել Եվրամիության բոլոր պահանջները»,- նշել է դիվանագետը:
Լրագրողների հարցին, թե այդ գործընթացն արդյոք չի հանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի ակտիվացմանը, նախարարը նշել է, որ նման պոտենցիալ վտանգ գոյություն ունի, սակայն երկրի կառավարությունն իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ անցանկալի իրադարձությունները կանխելու համար:










