Կարելի է միանգամից միտինգ անել ու ասել, որ չես վստահում Կառավարությանը. Կարգին Հայկոն` «Դ!ԵՄ ԵՄ»-ի հանրահավաքի մասին
Դերասան Հայկ Մարությանը գտնում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն իրականում բարեփոխում է, որն իրականացվում է տարբեր երկրներում: Այն լավ բան է և պետության համար օգտակար է, սակայն այլ խնդիր կա.
«Երբ իմ ընկերներին, որոնք դեմ են պարտադիրին, հարցնում եմ, թե ինչու են դեմ, ասում են, որ չեն վստահում իշխանություններին, չեն հավատում այս Կառավարությանը: Հիմա այստեղ հարցն այն է, որ ոչ թե այդ բարեփոխումն է վատը, այլ վստահություն չկա: Եթե չես վստահում Կառավարությանը, կարելի է միանգամից միտինգ անել ու դա ասել: Հիմա եթե մի հարցով չես վստահում, մեկ այլ հարցում վստահո՞ւմ ես»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վաղը կայանալիք` «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին:
Կարգին Հայկոյի խոսքով՝ եթե ինչ-որ մեկը մի բան է անում մեկ այլ բանի դեմ, որն իրականում վատ բան չէ, պարզ է, որ նա չի ուզում, որ իր երկրում լավ բան լինի, որովհետև իրականում կուտակային բարեփոխումը կարևոր է հետագայում երկրի զարգացման և ավելի քիչ խնդիրներ ունենալու համար. «Բայց եթե դու չես վստահում այն մարդկանց, ովքեր դա անում են, կարելի է դրա անունն ուրիշ բան դնել»:
«Եթե մարդիկ էսօր ուզում են, որ իրենց գումարները չպահեն, դա ուրիշ հարց է, բայց եթե չեն ուզում, որ պահեն, քանի որ չեն վստահում իշխանությանը, դա էլ ուրիշ հարց է: Դա նույնն է, որ մենք հիմա կանգնենք ու ասենք, որ դեմ ենք հարկերին, մեզնից հարկեր մի հավաքեք»,-ասաց նա:
Իսկ հնչող տեսակետներին, թե «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը քաղաքացիականից վերածվում է քաղաքականի, Կարգին Հայկոն արձագանքեց. «Մեզ մոտ միշտ խոսում են այդ մասին, բայց եթե ինչ-որ բանի ես ուզում հասնել, պետք է գնալ ու հասնել օրենքով և առանց մարդկային զոհերի: Իսկ ինչո՞վ են տարբերվում քաղաքականացված և ոչ քաղաքականացված պրոցեսները: Եթե կա խնդիր, դա պետք է լուծվի, այդտեղ սահմաններ չկան, եթե պետք է անել, ուրեմն անում ես»:










