Հայաստանի ներքին քաղաքականությունը վերածվել է զվարճանքի. Կարեն Քոչարյան

11:53 • 21.03.14

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանում ներքաղաքականությունը վերածվել է զվարճանքի, որովհետև գոյություն չունի գաղափարախոսություն: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրականում ներկայում չկա որևէ լուրջ քաղաքական պայքար:


«Իշխանական ու ընդդիմադիր հատվածում կան քաղաքական կղզյակներ, որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի վրա»,-ասաց նա:


Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման փորձերին և Կառավարությանը Ազգային ժողովի ապրիլի 28-ի քառօրյայի օրակարգում անվստահություն հայտնելու հարցին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ յուրաքանչյուր երկրում էլ լինում են այնպիսի հարցեր, որոնք միավորում են տարբեր ուժերի:


«Այնպես չէ, որ նրանք միանում են, որ դառնան ընդդիմադիր կոալիցիա: Իրենք միավորվել են Կառավարության հրաժարականի հարցի շուրջ: Կստացվի, թե ոչ, այլ խնդիր է, բայց պրոցեսը գնում է: Բայց պետք է նշել, որ բոլորը ուժերը համաձայնեցին, որ իրենց առանցքը ԲՀԿ-ն է, ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանը, բայց դեռ ահագին ժամանակ կա, կարող է մի օրվա մեջ ամեն ինչ շուռ գալ»,-ասաց նա:


Կարեն Քոչարյանը նաև նկատեց, որ այս չորս քաղաքական ուժերն ի վերջո չեն ասում, թե հանուն ինչի՞ են ուզում փոփոխություններ իրականացնել՝ որ լա՞վ լինի, թե՞ որ իշխանության գան:


«Իրենք հիմնվում են բավականին օբյեկտիվ սոցիալական խնդիրների վրա, բայց չեմ հասկանում՝ ինչպես են հասնելու դրան, երբ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: Եթե գալիս են կոնսենսուսի իշխանության հետ ու ինչ-որ մեկին ընտրում են վարչապետ, Հանրապետականը, չեմ զգում, որ պատրաստ է փոխզիջման: Այս պահին իրականում ամենամեծ հանրահավաքներն անում է «Դ!ԵՄ ԵՄ»-ը, այս չորս ուժերը ուզում են անպայման միանալ»,-ասաց նա:


Հարցին, թե խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերից որի՞ն է իսկապես ընդդիմադիր համարում, պատասխանեց.


«Լուրջ կուսակցություն միայն «Դաշնակցությունն» է ինձ համար, որն ապացուցել է, որ աշխատում է բոլոր իրավիճակներում: Այսօր իհարկե թույլ է, քան մոտ 15 տարի առաջ: ՀԱԿ-ը կդառնա, իրենց ասած, «գեղի կլուբ», եթե մի օր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ ինքը չի զբաղվում քաղաքականությամբ, ԲՀԿ-ն առավել ևս, ԲՀԿ և քաղաքականություն՝ դրանք տարբեր բաներ են: Նույնն էլ «Հանրապետականը»՝ որ օրը իշխանություն չեղավ, մի բուռ մարդիկ են մնալու այնտեղ»,-ասաց նա: