«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը բացեց թվով չորրորդ ռեստորանը՝«Ազգային խոհանոցը` նորովի» կարգախոսով (լուսանկարներ)

22:13 • 21.03.14

«Ազգային խոհանոցը` նորովի». այս կարգախոսով «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի թվով չորրորդ ռեստորանը մարտի 21-ին Տերյան 91 հասցեում իր դռները բացեց հաճախորդների առջև:


«Պանդոկ Երևանի» հանդիսավոր բացմանը մասնակցեցին ռեստորանի հիմնադիր-տնօրեն Դավիթ Երեմյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:


«Այսպիսով՝ «Պանդոկ Երևան» ռեստորանների գործունեության մեջ մի նոր փուլ բացվեց: Այն նշանավորվում է նրանով, որ մենք սկսում ենք նոր կարգախոսով՝ «Ազգային խոհանոցը` նորովի», և այդ շրջանակում նոր անակնկալներ ենք մատուցում մեր հաճախորդներին՝ ինչպես երևանցիներին, այպես էլ՝ Երևանի հյուրերին»,-ասաց «Պանդոկ Երևան»-ի տնօրենների խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը` տեղեկացնելով, որ պահպանելով «Պանդոկ Երևան»-ի լավագույն ավանդույթները՝ չորրորդ ռեստորանը նախորդներից կտարբերվի թարմացված ճաշացանկով, որն իր մեջ ամփոփելու է հին հայկական ավանդական խոհանոցի լավագույն նմուշները՝ նորովի մատուցված, ընդարձակ և ինքնատիպ սրահներով, ինչպես նաև` Հայաստանում առաջին անգամ իրականացվող օնլայն ռեստորանի գաղափարի ներմուծմամբ:


Լուսինե Երամյանի խոսքով՝ արհեստավարժ խոհարարները նոր շունչ են հաղորդելու դարերից եկող մեր կերակրատեսակներին: Խոհարարները հրավիրված են ինչպես Երևանից, այնպես էլ՝ հանրապետության տարբեր մարզերից: «Պանդոկ Երևան»-ի խոհարարները պարբերաբար վերապատրաստման դասընթացների են մասնակցում:


«Աշխատում ենք նաև ազգագրագետների, բանահավաքների հետ, որպեսզի կարողանանք այս բնագավառում առկա գիտական ներուժից ևս օգտվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Երեմյանը:


«Պանդոկ Երևան»-ում մշտապես օգտագործվում է հայ ֆերմերիներից և արտադրողներից ստացված թարմ և բարձրակարգ բնամթերք, տեղում պատրաստված թարմ հաց, ըմպելիքներ և պահածոներ: Ուտեստները պատրաստելիս հաշվի են առնվում Հայաստանի յուրաքանչյուր մարզից ներկրված բնամթերքի առանձնահատկությունները: