ՌԴ-ն զերծ կմնա ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներից և Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ սահմանելուց. Պուտին
Ռուսաստանը դեռ զերծ կմնա ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների կիրառումից և Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ սահմանելուց։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Կիևը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հակասական հայտարարություններ անել։
«Մասնավորապես, հայտարարություններ են եղել այն մասին, որ նրանք կամ դադարեցնում, կամ առկախում են իրենց մասնակցությունն Անկախ պետությունների համագործակցությանը, ինչպես նաև պատրաստվում են վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում, եթե դա տեղի ունենա, մենք նույնպես կներկայացնենք մեր առաջարկությունները»,-ասել է Լավրովը։
«Ինչ վերաբերում է առաջին դեպքին՝ ամերիկյան պատժամիջոցներին, և երկրորդ դեպքին՝ Ուկրաինայի կողմից վիզային ռեժիմի սահմանմանը, ես կարծում են, որ մենք պետք է ձեռնպահ մնանք պատասխան քայլերից։ Ինչ վերաբերում է վիզային ռեժիմին. մեր կողմից վիզա սահմանելու դեպքում Ուկրաինայում կտուժեն անմեղ միլիոնավոր ուկրաինացիներ, որոնք հարուստ չեն և աշխատում են Ռուսաստանում՝ ընտանիքներին օգնելու համար։ Դա պետք չէ անել»,-ասել է Ռուսաստանի նախագահը։










