Ինչո՞ւ ինձանից բացի ոչ ոք չի խոսում միջազգային հեռուստաալիքներով. Սաակաշվիլի
Այն պայմաններում, որոնք ստեղծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր օրը կարևոր է Վրաստանի համար, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է Грузия Online-ը:
Նրա խոսքով՝ նման պայմաններում, Վրաստանի կառավարությունը «պետք է ողջ ձայնով գոռա»:
«Ինչո՞ւ ինձանից բացի ոչ մեկ չի խոսում միջազգային հեռուստաալիքներով: Ես այլևս պաշտոնատար անձ չեմ: Որտե՞ղ է վարչապետը: Որտե՞ղ է ստվերում գտնվող Վրաստանի նախագահը: Ինչ է՝ ե՞ս պետք է խոսեմ այն մասին, որ Վրաստանը վտանգի մեջ է: Ինչ է՝ ե՞ս պետք է խոսեմ օկուպացիայի մասին: Ինչ է՝ ե՞ս պետք է խոսեմ 2008 թվականի մասին: Ինչ է՝ ե՞ս պետք է թակեմ բոլոր դռները»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հասկանալի չէ՝ ինչով են զբաղված այժմ Վրաստանում, ընդ որում՝ խոսքը միայն կառավարության մասին չէ:
«Ե՛վ իշխանությունները, և՛ ընդդիմությունը պետք է դադարեն ինտրիգներ հյուսել, մանավանդ կեղտոտ ինտրիգներ, հատկապես՝ սև սենյակում, որտեղ սև կատու չկա: Համաշխարհային ալիքների հեռուստաեթերի 90 տոկոսը զբաղեցնում եմ ես: Դա նախկին նախագահների, պաշտոնից հեռացած քաղաքական գործիչների գործը չէ: Այսօր որոշվում է Վրաստանի ճակատագիրը, և դա այսօրվա կառավարության, այսօրվա քաղաքական հատվածի հոգսն է… Կանցնի որոշ ժամանակ, և մենք բոլորս կամաչենք, որ Վրաստանի պատմության համար որոշիչ պահին մենք մանր վենդետայով էինք զբաղված»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին:










