Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ չի վերադառնա քաղաքականություն

10:49 • 21.03.14

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խոսել է իր հեռախոսի գաղտնալսման շուրջ առաջացած սկանդալի մասին, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Նրա խոսքով՝ երկարատև լռությունը խախտել ստիպել են բացառիկ հանգամանքները։ «Ես դա անում եմ միայն այն պատճառով, որ աննախադեպ դաժանությամբ և անհասկանալիորեն ոտնահարվել են մեր հանրապետության սուրբ սկզբունքները»,- ասել է Սարկոզին։

 

Նրա դժգոհությունը կապված է հեռախոսի գաղտնալսման հետ կապված աղմկահարույց սկանդալի հետ։ Մարտի սկզբին հանրությանը հասանելի էր դարձել տեղեկությունն այն մասին, որ քննիչները գաղտնալսում են նախկին նախագահի և նրա փաստաբան Տյերի Էրզոգի հեռախոսազրույցները։

 

Սարկոզին առաջին անգամ պաշտոնապես պատասխանել է նաև իր քաղաքական ապագայի և իր թեկնածությունը 2017թ. նախագահական ընտրություններին առաջադրելու հնարավորության մասին հարցերին։ «Ես ոչ մի ցանկություն չունեմ մասնակցելու երկրի քաղաքական կյանքին»,- ասել է նախկին նախագահը։